Հարցազրույց ԱԺ պատգամավոր ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ հետ:
-11 oր անց Լևոն Տեր-Պետրոսյանը պարզաբանել է ՀԱԿ համագումարում իր ելույթը՝ հայտարարելով, որ դեկտեմբերի 17-ին ներկայացրել է Ղարաբաղի հարցի լուծման ոչ թե իր տեսակետը կամ հայեցակարգը, այլ խոսել է «այս պահին բանակցությունների սեղանին դրված և Հայաստանի իշխանությունների կողմից սկզբունքորեն ընդունված կարգավորման մի կոնկրետ ծրագրի մասին, որի հետ անձամբ ես և ՀԱԿ-ը որևէ կապ չունենք։ Դա կարգավորման «մադրիդյան-կազանյան-լավրովյան» կոչված տարբերակն է, որը, ըստ էության, ոչնչով չի տարբերվում 1997 թ. փուլային տարբերակից»: Համաձա՞յն եք նրա հետ:
-Իհարկե առաջին նախագահը ինձ ևս կարող է համարել «բացասական, զգացական, խեղաթյուրիչ, մեղադրական, սպառնալից, հիստերիկ արձագանք» տվող, բայց համաձայն չեմ ու համաձայն չեմ եղել նաև նրա համագումարի ելույթին: Գուցե առաջին նախագահը իսկապես այնքան իմաստուն է, որ նրան հասկանալը հասարակ մահկանացուի համար անհնար է կամ չափազանց բարդ, բայց ես համարձակվում եմ պնդել, որ 1997-ին և հիմա՝ 2016-ին նույն իրավիճակները չեն: ՈՒ եթե նույնիսկ նույն իրավիճակները լինեին, 19 տարին բավարար ժամանակ էր՝ համոզվելու, որ ինչ անընդունելի է՝ անընդունելի է: Ես ինձ իրավասու չեմ համարում խորանալ մադրիդյան-կազանյան-լավրովյան տարբերակների հին ու նոր նրբությունների մեջ, որ առաջին նախագահը ի պաշտոնե լավ գիտեր այն ժամանակ, բայց վստահ եմ, որ գործող նախագահը շահագրգիռ է Ղարաբաղի հարցի օր առաջ լուծման մեջ, բայց արդարացի և երկարատև: ՈՒ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացնում է իշխանությունների ընդունած ծրագիրը ու հայտարարում, որ ոչ ՀԱԿ-ը, ոչ ինքը այդ ծրագրի հետ կապ չունեն, հարց է առաջանում՝ իսկ ո՞րն է իր կարծիքը, ո՞րն է իր ծրագիրը: Նախընտրական համագումարում ի՞նչ իմաստ ուներ ներկայացնել իշխանության ծրագիրը և շեշտը դնել միայն Ղարաբաղի հարցի լուծման վրա, եթե կա սեփական տեսակետ: Իսկ եթե չկա, բոլորովին այլ խոսակցություն է:
-Ձեզ չի՞ զարմացնում, որ նախընտրական քարոզչությունը գործնականում արդեն սկսված է և մեխը դարձել է Ղարաբաղի հարցը՝ ոչ միայն Լևոն Տեր-Պետրոսյանը, Սեյրան Օհանյանն էլ ամեն օր մի հայտարարություն է անում այդ թեմայով:
-Քանի դեռ Սեյրան Օհանյանը պաշտոնապես չի անդամակցել որևէ կուսակցության և չի ներկայացրել այդ կուսակցության ծրագիրը, չեմ կարող ասել, որ նախընտրական քարոզչությունը պտտվում է Ղարաբաղի շուրջ, ընդամենը կարող եմ արձանագրել, որ պաշտպանության նախկին նախարարը հանրությանը ներկայացրել է հարցի լուծման իր տեսակետները, ցավոք, առանց կոնկրետության: Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը գոնե պնդում է փուլային տարբերակի առավելությունները, Սեյրան Օհանյանը անում է ընդհանուր դատողություններ: Անորոշությունը չի կարող լինել նախընտրական քարոզչություն:
-Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ այս տարի այդպես էլ չկայացավ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների երրորդ՝ Փարիզում նախատեսված հանդիպումը, համանախագահները ջանում էին, Ֆրանսուա Օլանդը հրավիրում էր, ու՝ ի՞նչ:
-Կարծում եմ՝ այդ հարցին իր յուրաքանչյուր թեմատիկ ելույթով պատասխանում է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Ադրբեջանի նախագահը պատրաստ չէ հանդիպման, և ապացուցում է իր յուրաքանչյուր ելույթով: Ես զարմանում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Իլհամ Ալիևին համարում է ռացիոնալ մարդ ու նույնիսկ պարզաբանման մեջ է հիմնավորում նրա խստիվ կասկածելի ռացիոնալությունը: Բացարձակ իռացիոնալ պիտի լինես, որ Ալիևին համարես ռացիոնալ, երբ նա ամեն ելույթում հայտարարում է, որ հայկական երկու պետություն չի հանդուրժի, կարծես առավոտից երեկո սպասում ենք իր հանդուրժելուն, երբ ամեն ելույթում հայտարարում է, որ Հայաստանը ադրբեջանական տարածք է: Լևոն Տեր-Պետրոսյանը գիտի՞, որ Ադրբեջանի ազգային դոկտրինի մեջ հայերը հռչակված են այս տարածքի եկվոր, իսկ ադրբեջանցիները բնիկ ժողովուրդ: Դա ռացիոնալիզմի՞ դրսևորում է, թե՞ պատմության բացարձակ աղավաղում: Ես վստահ եմ, որ երկու նախագահների հանդիպումը անխուսափելի է՝ Փարիզում կամ մեկ այլ քաղաքում, բայց այն դեպքում, երբ կլինի բանակցային օրակարգ: Համենայն դեպս՝ այն օրակարգը, որ բազմիցս բարձրաձայնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Այն օրակարգը, որ բարձրաձայնել է հայկական կողմը՝ շփման գծում վերահսկողության մեխանիզմների տեղակայում և դիտորդների թվի ավելացում ու տեղակայում ոչ թե մայրաքաղաքներում, այլ՝ հենց շփման գծում:
-ԵԱՀԿ Մինսկի խումբը բացահայտորեն տրանսֆորմացվում է՝ Ֆրանսիայի համանախագահն արդեն փոխվեց, Ֆրանսիան նախագահական ընտրությունների է պատրաստվում, ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքն ավարտում է դիվանագիտական ծառայությունը և ԱՄՆ-ում նոր ու, բոլորի կարծիքով, անկանխատեսելի նախագահ է ընտրվել: Տագնապ չունե՞ք, որ Մինսկի խումբը ինչ-որ ժամանակ օբյեկտիվորեն անգործության է մատնվելու:
-Ինչո՞ւ: Ընտրությունների՞ պատճառով: Այդ դեպքում հավելեք Հայաստանի խորհրդարանական ընտրությունները, որ Մինսկի խմբի հետ կապ չունեն: Անցած տարիներին բոլորս էլ համոզվել ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները արտահայտում են իրենց երկրների դիրքորոշումը, նրանք միջնորդներ են, միջնորդներ, որ մանդատ ունեն նպաստելու բանակցություններին, բայց նրանք բանակցությունների ընթացք չեն որոշում։ Ֆրանսիայի նախագահի առաջիկա ընտրությունը, ԱՄՆ նոր նախագահը, վստահ եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում շրջադարձային փոփոխություններ չեն բերի: Տևական ժամանակ Մինսկի խումբն այն հարթակն էր, որտեղ Արևմուտքի հետ հակասություններ ունեցող Ռուսաստանն անգամ տեսակետների տարբերություն չուներ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ, որ ներկայացնում է ԵՄ-ն:
-Այսինքն՝ Արցախի լուծման բանալին միայն Ռուսաստանի ձեռքում չէ՞:
-Դուք ինձ շարունակ վերադարձնում եք Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակումներին:
-Պարզապես նա հիմնավորում է, որ Ռուսաստանը միակ շահագրգիռ կողմն է:
-Թույլ տվեք չհամաձայնել: Ես չեմ ուզում նվազեցնել ոչ Ռուսաստանի դերը հակամարտության կարգավորման գործընթացում, ոչ էլ ազդեցության գնահատականը Հարավային Կովկասում ու Հայաստանում: Բայց Ռուսաստանը միայնակ ոչ կարող է հարցը լուծել, ոչ ձախողել լուծումը: Արցախի հարցի լուծումը, ես խորապես համոզված եմ, որ Արցախում է: Ստեփանակերտը չի կարող բանակցություններին մասնակցել միջնորդավորված՝ Հայաստանի միջոցով, երբ արդեն շրջանակային համաձայնագրի հասնենք:
-Շատ չշտապեցի՞ք:
-Ես կարծում եմ, որ արդեն այս փուլից Ստեփանակերտը պետք է բանակցություններին մասնակցի: Ի՞նչ է նշանակում Բաքուն դեմ է: Բաքուն ինչի՞ն է դեմ, հարցի լուծմա՞նը, լուծման ճանապարհների որոնմա՞նը: Երբ ապրիլյան պատերազմը սկսեց Ստեփանակերտի դեմ, Բաքուն փաստացի ճանաչեց ԼՂՀ-ն որպես պետություն, որին տարածքային պահանջներ է ներկայացնում: Մտածե՞լ եք այդ մասին:
-Ինչո՞ւ ԼՂՀ-ի հետ ռազմաքաղաքական դաշինքի համաձայնագիրն այդպես էլ չկնքվեց:
-Համաձայնագրի հանձնարարությունը ՀՀ նախագահը տվեց ապրիլյան պատերազմի օրերին, եթե հրադադար չկնքվեր, ոչ միայն համաձայնագիր, այլև որոշումներ էլ կարող էին ընդունվել: Եկեք գուշակություններ չանենք, ամեն ինչ իր ժամանակն ունի: Համաձայնագիրը պատրաստ է և անհրաժեշտ պահին կարող է և կնքվել, և վավերացվել: Վստահ եղեք, դա խնդիր չէ ոչ Հայաստանի, ոչ Արցախի համար:
-2017-ը ի՞նչ տարի կլինի:
-2017-ը դժվար, բայց լավ տարի է լինելու, կտեսնեք:
Զրույցը՝ Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ